Հարկատուն, ով ունի ընթացիկ հարկային պարտք, հնարավորություն կունենա հիմնական գումարը վճարելու պայմանով, ազատվել տուգանքներից
Հարկատուն, ով այսօր ընթացիկ հարկային պարտք ունի, կլինի դա ճանաչված հարկային պարտք կամ չճանաչված հարկային պարտք, հնարավորություն կունենա հարկի հիմնական գումարը վճարելու պայմանով, ամբողջությամբ ազատվել տուգանքներից,- այս մասին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին:
Նախարարի խոսքով, նշված նախաձեռնությունը քննարկվել է կառավարության այսօրվա նիստում, և կառավարությունը հավանություն է տվել այդ նախաձեռնությանը:
Լաշա Խուցիշվիլիի պարզաբանմամբ, տուգանքներից ազատվելու նպատակով, հարկատուն պետք է մինչև ընթացիկ տարվա օգոստոսի մեկը դիմի եկամուտների ծառայությանը, հարկային պայմանագիր կնքելու խնդրանքով և այդ պայմանները պետք է կատարի մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:
«Հարկ վճարողները, որոնց ներկայիս հարկային պարտքը, ըստ էության, բաղկացած է միայն տուգանքներից, պարտքի 30 տոկոսը վճարելու դեպքում նման պայմանով հարկային պարտքի պայմանագիր կնքելու հնարավորություն կունենան: Նախաձեռնությունը վերաբերում է բոլոր հարկատուներին, բոլոր հարկ վճարողների հարկային պարտքերին, ներառյալ ճանաչվածներին, ներառյալ հարկային վեճի մեջ գտնվողներին, լինի դա Ֆինանսների նախարարության համակարգում, թե դատական համակարգում: Նման ձևով և պայմաններով ներկայացված հայտերը փաստորեն կբավարարվեն ինքնաբերաբար, ինչը կապահովի, որ գործընթացը արագ, հեշտ և սահուն լինի այս պայմանագրերը կնքելու համար», – հայտարարել է Լաշա Խուցիշվիլին:
Նրա խոսքով, նախաձեռնությունը կրում է միանվագ բնույթ:
«Կարեւոր է, որ տուգանքները ներելու որոշումը միանվագ է, որը կապված է հարկատուների համար համավարակի պատճառով առաջացած դժվարությունները հաղթահարելու հետ: Իր բովանդակությամբ, հիմնական գումարի ամբողջությամբ վճարման փաստի պատճառով, այս նախաձեռնությունը չի ստեղծի ոչ մրցակցային միջավայր», – նշել է Լաշա Խուցիշվիլին:
Նախարարի խոսքով, վաղվանից ձեռներեցները հնարավորություն կունենան դիմել եկամուտների ծառայությանը, հարկային պայմանագիրը կնքելու համար:
«Բացի այդ, համապատասխան տեղեկատվությունը հարկատուներին վաղվանից կտրամադրվի այն ալիքների միջոցով, որոնցով եկամուտների ծառայությունը նրանց հետ շփվում է, այսինքն` էլեկտրոնային ձևով, իրենց պորտալում», – հավելել է ֆինանսների նախարարը: