Համակարգող խորհուրդը քննարկել է կետային սահմանափակումների խստացման հարցը
Համակարգող խորհուրդը քննարկել է կետային սահմանափակումների խստացման հարցը

Հաշվի առնելով Վրաստանում առկա համավարակաբանական իրավիճակը, կետային սահմանափակումների խստացման և ընդլայնման հարցը քննարկվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, կառավարության վարչակազմում:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, կետային սահմանափակումների խստացման քննարկումը ընթանում է բիզնեսի ոլորտի, առողջապահության ոլորտի փորձագետների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների անմիջական ներգրավմամբ և առաջիկայում կհայտարարվեն կոնկրետ որոշումներ:

«Կառավարության նպատակն է համատեղ որոշումներ կայացնել` խորհրդակցելով բիզնեսի և առողջապահության ոլորտի մասնագետների հետ, ինչը մի կողմից ավելի քիչ վնաս կհասցնի տնտեսությանը և միևնույն ժամանակ արդյունավետ կլինի վարակի տարածման դինամիկայի կառավարման գործում: Միևնույն ժամանակ, ընդգծվել է այն  փաստը, որ կետային սահմանափակումների խստացումը չի հանգեցնի վարակի դեպքերի թվի կտրուկ նվազմանը, սակայն կօգնի սահմանափակել վարակի տարածումը և կայունացնել իրավիճակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիվանդանոցներում ստեղծված իրավիճակը և կլինիկական հատվածի արդյունավետ կառավարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: Բացի այդ, ուշադրության կենտրոնում էին նաև լրացուցիչ ռեսուրսների կենտրոնացմանն ուղղված քայլերը, ներառյալ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդի կենտրոնացմանն ուղղված քայլերը:

Համակարգող խորհրդի նիստում նշվել է, որ երկիրը գտնվում է վարակի տարածման գագաթնակետում և ներկայիս համավարակաբանական իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի:

Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս ընդգծվել է վարակի տարածումը կանխելու համար շնչադիմակ կրելու և սոցիալական հեռավարության պահպանման կարևորությունը, որն էլ ավելի խստորեն կվերահսկվի համապատասխան գերատեսչությունների կողմից»,- հայտարարել են կառավարության վարչակազմում:

Երկրում կորոնավիրուսի առաջին դեպքից առ այսօր, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 114 889 հաստատված դեպք, որտեղից ապաքինվել է 95 581 անձ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 085:

Այս փուլում, կարանտինային ռեժիմում է 2 071 մարդ, կովիդ-հյուրանոցներում՝ 3 723, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 6 145 պացիենտ,

Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցող միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին ակտիվ մասնակցում են Վրաստանի խորհրդարանը, խոսնակ Արչիլ թալակվաձեի գլխավորությամբ և երկրի նախագահի աշխատակազմը: