Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթին
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ հաստատված «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթին:
Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին, նա հիմնականում դիտողություններ ունի երկու հարցով: Առաջին հարցը վերաբերում է գովազդին, իսկ երկրորդը գնումներին:
Կանոնակարգի համաձայն, խորհրդարանը Վրաստանի նախագահի կողմից մոտիվացված դիտողություններով ուղարկված օրինագիծը պետք է քննարկի 15 օրյա ժամկետում: Այն դեպքում եթե խորհրդարանը կընդունի նախագահի դիտողությունները, օրինագիծը 5 օրյա ժամկետում ստորագրման կներկայացվի նախագահին, որի ստորագրումից հետո այն ուժի մեջ կմտնի 7 օր անց:
Իսկ այն դեպքում, եթե խորհրդարանը չի ընդունի նախագահի դիտողությունները, ապա պատգամավորները քվեարկելու են օրինագծի նախնական տարբերակին, և այն ընդունելու համար հարկավոր է խորհրդարանի ողջ կազմի կեսից ավել պատգամավորների ձայները:
Այն պատճառով, որ այս պահին պատգամավորները գտնվում են արձակուրդի մեջ, հնարավոր է հրավիրվի խորհրդարանի արտահերթ նիստ:
Հիշեցնենք, օրենսդրական մարմինը «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունել է 85 կողմ՝ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ինչ վերաբերում է փոփոխություններին, նախագծով ճշտվում է, որ հանրային հեռարձակողը արտադրության և ոչ թե եթերի ոչ պակաս 25 տոկոսը զիջելու է մասնավոր իրավունքի իրավաբանական անձի կողմից պատրաստված ծրագրերին: Փոփոխությունների համաձայն, հանրային հեռարձակողը իրավասու է լինելու բովանդակալից պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, իրականացնել հասարակական կարծիքի հետազոտություն: Բացի այդ հեռարձակողին իրավունք է տրվում ռադիոհեռարձակման և Վրաստանի տարածաշրջաններում ռադիո-ծրագրերի հասանելիության որակի բարձրացման համար օգտագործել հավելյալ ռադիո ալիքներ: Նախագծով ճշտվում է նաև հանրային հեռարձակողի խմբագրական, կառավարման և ֆինանսական անկախությունը խափանելու, այդ թվում ցուցմունքների, պարտավորեցնելու կամ ճնշում գործադրելու արգելքը:
Ինչպես նաև, փոփոխությունների համաձայն «Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքը չի վերաբերելու հանրային հեռարձակողի կողմից՝ եթեր դուրս բերվող հաղորդումների, հեռուստասերիալների, գեղարվեստական/փաստագրական ֆիլմերի պատրաստման ծառայությունները գնելուն: Բացի այդ, հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրենի ներկայացմամբ փոփոխություններ է մտցնելու Հանրային հեռարձակողի կանոնադրության մեջ:
Օրինագծով, հոգաբարձական խորհուրդը այլևս իրավասու չի լինելու Հանրային հեռարձակողի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի հիմնական պայմանների հաստատման գործում: Փոփոխությունների համաձայն, Հանրային հեռարձակողի նախորդ տարվա բյուջեից մնացած մնացորդը ավելանալու է հաջորդ տարվա հաստատված բյուջեին: Օրենսդրական փաթեթի համաձայն, Հանրային հեռարձակողը իրավասու է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված եկամուտները, այդ թվում պետական բյուջեից ստացված ասիգնացիաները օգտագործել ՝ սկսնակ արտադրության խրախուսման, հեռուստա-ռադիո և օնլայն արտադրանքի և նորարարական զարգացման համար, ինչպես նաև հաստատվում է, որ Աջարիայի Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով մասնավոր գովազդները չեն կարող ցուցադրվել կամ թողնել ոչ աշխատանքային օրերին:
Բացի այդ սպորտային ռեպորտաժների և միջազգային մրցույթների շրջանակներում, մրցույթային ծրագրի սկսվելու, բնական ինտերվալի և ավարտի ժամանակ կոմերցիոն գովազդի տեղադրման դեպքում, գովազդի ծավալը մեկ օրվա ընթացքում կազմում է 60 րոպե (նախկին 30 րոպեի փոխարեն):
Հեղինակ -
Edgar Barsegyan