Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն՝ Վայմարի եռանկյունու արտաքին գործերի նախարարները լրջորեն անհանգստացած են Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո զարգացած քաղաքական ճգնաժամով և Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը դադարեցնելու «Վրացական երազանքի» որոշմամբ։
Ճգնաժամի պատճառը Վրաստանի իշխող կուսակցության քաղաքական կուրսն է և եվրոպական ուղուց շեղումը։ Մենք բազմիցս կոչ ենք արել Վրաստանի իշխանություններին փոխել կուրսը և վերադառնալ Եվրամիության հետ ինտեգրմանը` պահպանելով եվրոպական նորմերն ու արժեքները և իրականացնելով բարեփոխումներ։ Մենք խստորեն դատապարտում ենք անցյալ շաբաթվա բռնությունը խաղաղ ցուցարարների, լրատվամիջոցների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ և հիշեցնում ենք վրացական իշխանություններին մարդու իրավունքները հարգելու և հիմնարար ազատությունները, ներառյալ հավաքների և լրատվամիջոցների ազատությունը պաշտպանելու իրենց պատասխանատվությունը: Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական գործիչների հասցեին հնչող սպառնալիքները: «Վրացական երազանքի» ռեպրեսիվ քաղաքական կուրսը և դեմոկրատական հետընթացը պատճառ դարձան մեր հարաբերությունների վատթարացմանը եվրոպական և ազգային մակարդակներում և կրճատվեցին վրացական իշխանությանն օգնությունն ու համագործակցությունը։ Ըստ այդմ, մենք կկատարենք Եվրամիության որոշումը վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման մասին, կդիտարկենք լրացուցիչ միջոցներ Եվրամիության և ազգային մակարդակով։
Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը հաստատում է մեր մտահոգությունը ընտրական գործընթացի արդարության վերաբերյալ՝ համատարած խախտումներով և մեղադրանքների ոչ համարժեք հետաքննություններով: Ընտրությունները չեն անցկացվել ԵՄ թեկնածու երկրից սպասվող չափանիշներին համապատասխան։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ազգային երկխոսության մեջ մտնել բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ ստեղծված իրավիճակի լուծում գտնելու և վրացական ժողովրդավարության նկատմամբ հանրային վստահությունը վերականգնելու համար։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների և չափանիշների կատարման կոչը, ներառյալ նոր ընտրությունների հնարավորությունը, որը բխում է վրացական հասարակության մի մասից, արժանի է իշխանությունների ուշադրությանը: Մենք վերահաստատում ենք վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական նկրտումներին աջակցելու մեր որոշումը»,- ասված է հայտարարության մեջ։