Գցեցիր մեզ, կգցենք քեզ, այս կարգախոսով բողոքի ցույցերը Թբիլիսիից բացի ընթանում են նաև այլ քաղաքներում

«Գցեցիր մեզ, կգցենք քեզ»,- այս կարգախոսով Թբիլիսիին զուգահեռ բողոքի ցույցեր են անց կացվում մի շարք այլ քաղաքներում:

Համամասնական ընտրական համակարգի մասին նախագծի տապալման դեմ, Բաթումիում, Եվրոպայի հրապարակում բողոքել են ընդդիմության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների ներկայացուցիչները:

«Ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չենք հասնի մեր նպատակին: Չենք հանդուրժելու, որ մեզ խաբել են: Հենց համամասնական համակարգն էր, որ պետք է վերջ տար փողոցային հավաքներին և գործընթացները տեղափոխվեին խորհրդարան: Իվանիշվիլին մարդկանց հրավիրում է մենամարտի, և դա անընդունելի է»,- ասել է հանրահավաքի մասնակից՝ Գենրի Դոլիձեն:

Հանրահավաք է անց կացվում նաև Քութաիսիի կենտրոնական հրապարակում:

Ըստ ցուցարարների ՝ համամասնական համակարգի մասին օրենքի նախագծի տապալումը նախապես ծրագրվել էր «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կողմից:

Համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում առաջին ընթերցման ժամանակ քվեարկությանը չեն ստացել բավարար ձայներ: Այդ հարցով  անց է կացվել ազատ քվեարկություն: Սահմանադրական փոփոխություններ ստանալու համար անհրաժեշտ էր 113 պատգամավորի աջակցություն: Իշխող կուսակցության կողմից պատրաստված սահմանադրական նախագծին աջակցել է 101 պատգամավոր, երեքը դեմ են արտահայտվել: