Կախա Կալաձե. Ովքեր պետության կողմից սոցիալական օգնության կարիք ունեն, այդ օգնությունը կստանան
Այն ընտանիքներին և անհատներին, ում պետության կողմից օգնություն չի հասնում, այն դադարեցվում է, իսկ ում հասնում է և դրա կարիքն ունի, օգնություն կստանա․ այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է լրագրողներին՝ պատասխանելով սոցիալական նպաստ ստացողների թվի կրճատման մասին հարցին։
Նրա խոսքով՝ վերանայվում են այն որոշումները, որոնք ընդունվել էին համավարակի (պանդեմիայի) ժամանակ ստեղծված ծանր տնտեսական իրավիճակից ելնելով՝ մարդկանց օգնելու նպատակով։
«Այս մասին բազմիցս տրվել են համապատասխան բացատրություններ։ Մասնավորապես այն, որ համավարակի շրջանում, երբ ունեինք բավականին բարդ իրավիճակ, շատ մարդիկ մնացին առանց աշխատանքի և եկամտի, հետևաբար, այն ժամանակ որոշումներ ընդունվեցին, որպեսզի մարդիկ պետության կողմից որոշակի տեսակի նպաստ ստանան։ Այսօր արմատապես տարբերվող իրողություն է, երկրում ունենք այլ տնտեսական վիճակ, և տեղի է ունենում վերանայում։ Այն ընտանիքներից ու մարդկանցից, ում պետության կողմից օգնություն չի հասնում, այն հանվում է, իսկ ում հասնում է և դրա կարիքն ունեն, նրանք կստանան»,- հայտարարել է Կախա Կալաձեն։
Բացի այդ, խոսելով երկրում աղքատության հաղթահարման մասին՝ Թբիլիսիի քաղաքապետը նշել է, որ այս ուղղությամբ մարտահրավերներ դեռևս կան։
«Ինչ վերաբերում է աղքատության հաղթահարմանը, մարտահրավերները մնում են, սակայն մենք առաջընթաց ունենք, երկիրը տնտեսապես զարգանում է։ Հենց դրա համար ենք աշխատում ամեն օր, որպեսզի երկրում աղքատությունն ամբողջությամբ հաղթահարվի»,- հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետը։