Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը հավերժ աֆրիկացի ժողովուրդների կողքին է եղել և նրանց օգնել է գաղութային ճնշումների դեմ պայքարում
Ռուսաստանը հավերժ աֆրիկացի ժողովուրդների կողքին է եղել և նրանց օգնել է գաղութային ճնշումների դեմ պայքարում, – այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Մոսկվայում՝ Ռուսաստան-Աֆրիկա երրորդ գագաթնաժողովում, որին մասնակցում են Աֆրիկայի մայրցամաքի ավելի քան 20 երկրների առաջնորդներ։
Պուտինի պնդմամբ՝ Ռուսաստանը համապարփակ և անհատույց աջակցություն է ցուցաբերել աֆրիկյան պետություններին ազատության, ճշմարիտ անկախության, ինքնիշխան զարգացման և սեփական քաղաքական ու սոցիալ-տնտեսական մոդելների ընտրության իրավունքի համար պայքարում։
«Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանն աջակցել է և շարունակում է աջակցել աֆրիկյան պետությունների ինքնիշխանության պաշտպանությանը, կայուն աճի հասնելուն, ինչպես նաև նրանց տնտեսությունների և սոցիալական ոլորտների ամրապնդմանը։ Այս նպատակներին հասնելու համար մենք պատրաստ ենք շարունակել ձեզ հետ համագործակցությունը բոլոր այս ուղղություններով», – նշել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինի խոսքով՝ կարևոր է, որ Ռուսաստանին և Աֆրիկային միավորում են բարեկամության և սերտ գործընկերության իրոք ամուր կապեր։
«Մենք բնական դաշնակիցներ ենք բազմաբևեռ, ճշմարտապես ժողովրդավարական աշխարհակարգի կառուցման գործում — աշխարհակարգ, որն ազատ է թելադրանքից ու կրկնակի չափանիշներից և հիմնված է միջազգային իրավունքի նորմերի ու ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների հարգման վրա», – նշել է Վլադիմիր Պուտինը։