Ֆրանսիական ուսանողական կազմակերպության փոխանցմամբ՝ դպրոցներում բարեփոխումների պահանջով այսօր Ֆրանսիայի փողոցներ է դուրս եկել 450 000 ցուցարար
«L’Union Étudiante» ուսանողական կազմակերպությունը հայտարարում է, որ դպրոցներում բարեփոխումների պահանջով այսօր Ֆրանսիայի փողոցներ է դուրս եկել 450 000 ցուցարար, ինչն, իրենց իսկ գնահատմամբ, «բացարձակապես պատմական իրադարձություն է»։
Բացի այդ, հայտնի է, որ միայն Փարիզում հավաքվել է շուրջ 86 000 ակտիվիստ։ Փարիզում ցուցարարների և ոստիկանության միջև հերթական բախումն է տեղի ունեցել, որի պատճառով իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։ Միևնույն ժամանակ, ակտիվիստների մի մասը քաղաքի փողոցներում բարրիկադներ է կանգնեցրել և հրդեհել դրանք։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ մի քանի ցուցարարներ արցունքաբեր գազի նռնակները հետ՝ ոստիկանության ուղղությամբ են նետել։
Ցուցարարները հրդեհներ են բռնկել նաև Ռեն քաղաքում։ Հատուկ ջոկատայինները նրանց դեմ կիրառել են ջրբուխներ և արցունքաբեր գազ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքում ցույցն այս պահի դրությամբ ավարտված է։
Միևնույն ժամանակ, հազարավոր ցուցարարներ ակցիաներ են անցկացնում Մարսելում, Նիցցայում, Նանտում, Լիոնում և այլ քաղաքներում։
Ակցիայի մասնակիցները բողոքում են դասարանների գերբեռնվածությունից, ուսուցիչների պակասից և կրթական համակարգում առկա այլ խնդիրներից։