Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը Գազայի հատվածում հրադադարից հետո

16:25, 02.02.2024

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը Գազայում հրադադարից հետո՝ չսպասելով Իսրայելի և Պաղեստինի միջև երկու պետությունների լուծման շուրջ երկար տարիների բանակցությունների արդյունքներին:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Քեմերոնը հայտարարել է Լիբանան կատարած այցի ժամանակ, որտեղ գտնվում էր տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու նպատակով։

Բրիտանացի դիվանագետի խոսքով՝ ճանաչման գործընթացը չի կարող տեղի ունենալ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը Գազայում է, թեև այն կարող է իրականացվել այնքան ժամանակ, քանի դեռ չեն սկսվել Իսրայելի բանակցությունները պաղեստինցի առաջնորդների հետ։ Քեմերոնի խոսքով՝ որպեսզի Մեծ Բրիտանիան ճանաչի Պաղեստին պետությունը, «ՀԱՄԱՍ-ը պետք է հեռանա Գազայից։

«Չի կարող լինել երկու պետությունների սկզբունքների վրա հիմնված լուծում, երբ Գազայի հատվածը դեռ վերահսկվում է հոկտեմբերի 7-ի համար պատասխանատու մարդկանց կողմից։

Այն, ինչ մենք պետք է անենք, Պաղեստինի ժողովրդին ավելի լավ ապագայի, սեփական պետության ապագայի հորիզոն տալն է»,- ասել է Քեմերոնը։

Նրա խոսքով, այդ հեռանկարը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության ու անվտանգության համար։

Դեյվիդ Քեմերոնը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան Լիբանան-Իսրայել սահմանին լարվածությունը թուլացնելու ծրագիր ունի։ Ծրագիրը ներառում է լիբանանյան բանակի ուժերի ուսուցում, որպեսզի կարողանան գործողություններ իրականացնել սահմանամերձ շրջանում ավելի մեծ անվտանգության համար:

Ըստ լրատվամիջոցի՝ Բրիտանիան, ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ պաշտպանել են անկախ Պաղեստինի գաղափարը, թեև նշել են, որ դա պետք է արվի բանակցությունների միջոցով։ Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայն չէ պատերազմից հետո անկախ Պաղեստան պետության ստեղծման գաղափարին։

Նմանատիպ