Դատախազությունը Բաչո Ախալայային մեղադրանք է առաջադրել խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար
Վրաստանի գլխավոր դատախազությունը Բաչո Ախալայային մեղադրանք է առաջադրել խմբային բռնության կազմակերպման և ղեկավարելու փաստերով։
Դատախազության տեղեկացմամբ՝ Ախալայային մեղադրանք է ներկայացվել Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է մինչև ինը տարի ազատազրկում։
«Պետական անվտանգության ծառայությունում և Ներքին գործերի նախարարությունում ընթացող քննչական գործողություններով պարզվել է, որ մեղադրյալ Բաչանա Ախալայան, շարժական տեխնիկական հաղորդակցման միջոցների օգտագործմամբ, կազմակերպել և անձամբ ղեկավարել է Պաատա Բուրչուլաձեի, Մուրտազ Զոդելավայի, Իրակլի Նադիրաձեի, Պաատա Մանջգալաձեի, Լաշա Բերիձեի և այլ անձանց քրեական գործողությունները։ Մասնավորապես՝ նրանց կողմից խմբային բռնությունների կազմակերպման, Վրաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչերի և ռազմավարական ու առանձնահատուկ նշանակության օբյեկտի զավթման փորձի գործընթացը։
Պաատա Բուրչուլաձեն, Մուրտազ Զոդելավան և Իրակլի Նադիրաձեն՝ Բաչանա Ախալայայի անմիջական ղեկավարությամբ և կազմակերպմամբ, տեղական ինքնակառավարման ընտրություններից մի քանի օր առաջ հանդես են եկել հրապարակային կոչերով՝ բռնությամբ փոխելու սահմանադրական կարգը և տապալելու պետական իշխանությունը։ Նրանք կոչ էին անում հասարակությանը մասնակցել հեղափոխության, որին պետք է միանային ագրեսիվ տրամադրված քաղաքացիներ։ Նրանց հայտարարությունների համաձայն՝ իրենք համատեղ ուժերով կսարքեին իշխանության տապալումը, դրա համար խոսելով հասարակության որոշ խմբերի համախմբման անհրաժեշտության մասին։
Հոկտեմբերի 4-ին, տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը, մեղադրյալներն ու այլ անձինք որոշել են կազմակերպել խմբային բռնի գործողություններ, որոնց ղեկավարել և համակարգել է Բաչանա Ախալայան։ Այդ նույն օրը Ազատության հրապարակում անցկացված բողոքի ցույցի ընթացքում Պաատա Բուրչուլաձեն ցուցարարներին ներկայացրել է իրենց մշակած գործողությունների ծրագիրը, համաձայն որի անմիջապես պետք է կալանավորվեին իշխանության որոշ ներկայացուցիչներ և իրականացվեին այլ բռնի գործողություններ։
Բաչանա Ախալայային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով՝ խմբային բռնության կազմակերպման և ղեկավարելու համար, ինչը պատժվում է մինչև ինը տարի ազատազրկմամբ։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դատարան է ներկայացնելու միջնորդություն՝ մեղադրյալին որպես կանխարգելիչ միջոց կալանավորելու համար», — նշված է հաղորդագրության մեջ։