Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն. Մենք Դոնալդ Թրամփին առաջարկել ենք զրուցել Գրենլանդիայի հարցի շուրջ
Դանիայի վարչապետը ցանկանում է Դոնալդ Թրամփի հետ խոսել Գրենլանդիայի մասին,- հայտնում է «Politico»-ն։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը արձագանքել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե ինքը չի բացառում ռազմական ուժի կիրառումը Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
Դանիայի վարչապետն ասել է, որ առաջարկել է խոսել Դոնալդ Թրամփի հետ, սակայն առաջարկին դեռ պատասխան չի ստացել։
«Մենք առաջարկել ենք զրույց, և ես ակնկալում եմ, որ զրույցը կկայանա»,- ասել է Մետե Ֆրեդերիկսենը՝ նշելով, որ չի ակնկալում, որ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից առաջ երկխոսություն տեղի կունենա։
Մետե Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ Գրենլանդիան պատկանում է իր բնակիչներին և չի պատկերացնում կղզին ուժով գրավելու ԱՄՆ-ի իրական փորձը։