Դանիայի Թագավորությունը Վրաստանը ներառել է անվտանգ կատեգորիայի երկրների ցանկ, որը նշանակում է, որ դանիական կողմը Վրաստանի քաղաքացիների դիմումը ապաստան խնդրելու պահանջի մասին քննարկելու է սեղմ ժամկետներում և չի բավարարելու: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Որոշումը կայացրել են Դանիայի միգրացիոն ծառայությունը, Ազգային ոստիկանությունը և Փախստականների խորհուրդը: Նշված որոշմանն արձագանքել է Դանիայի Թագավորությունում Վրաստանի դեսպան Գիգի Գիգիաձեն: Ինչպես նա հայտնել է «Առաջին ալիքին», այս նորույթը մեկ անգամ ևս ընդգծում է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության տեսանկյունից առկա դրական միջավայրը, ինչպես նաև այն, որ Վրաստանը Եվրոպայի կայուն գործընկերն է:
«Դանիան, որպես Վրաստանի սերտ գործընկեր, ընդգծում է այն հանգամանքը, որ Վրաստանը Եվրոպայի կայուն գործընկերն է և համապատասխանաբար, սպասելի չէ, որ այս երկրից գոյություն ունենա ապաստան խնդրելու վտանգ, որը համարում ենք, որ ճիշտ գնահատական է Դանիայի կողմից: Սա Սկանդինավյան երկրի կողմից Վրաստանի առաջընթացի և բարեփոխումների ճանաչում է: Սա ճանաչում է, որ Վրաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ Եվրամիության հետ ինտեգրման տեսանկյունից»,- հսյտարարել է Գիգի Գիգիաձեն:
Դանիայի Թագավորությունում Վրաստանի դեսպանը հույս է հայտնել, որ շուտով Վրաստանը, որպես անվտանգ երկիր, ճանաչված կլինի Եվրամիության մասշտաբով:
Դանիայի կողմից կայացված որոշումը ուժի մեջ է ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ից: