Բիձինա Իվանիշվիլի. Հայազգի Շուշանիկը հավատարմություն հայտնեց Կապադովկիացի Նինոյին, ով քրիստոնեությունը բերել էր Վրաստան
Բիձինա Իվանիշվիլի. Հայազգի Շուշանիկը հավատարմություն հայտնեց Կապադովկիացի Նինոյին, ով քրիստոնեությունը բերել էր Վրաստան

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին խոսքով դիմել է «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա» միջոցառման մասնակիցներին:

Միջոցառումը կայացել է Թբիլիսիում, Ազատության հրապարակում, որի նախաձեռնողը «Վրացական երազանքի» երիտասարդական կուսակցությունն է և այն նվիրված էր Վրաստանի Եվրոպայի խորհրդի նախագահ դառնալուն:

«Ողջունում եմ բոլորիդ. Համայն Վրաստանին:

Յոթ տարի է անցել Վրաստանի պատմության մեջ աննախադեպ մարդաշատ հավաքից: Յոթ տարի առաջ, այս հրապարակում, մենք միավորեցինք ողջ երկիրը՝ հանուն ազատության և արժանապատվության: Այսօր էլ, նույն վայրում, մեզ կրկին միավորել է եվրոպական ընտրության նկատմամբ հավատարմությունը: Ի՞նչ է Եվրոպան մեզ համար. Եվրոպան անտիկ Հունաստանում ստեղծված ժողովրդավարություն է, քրիստոնեություն, հանդուրժողականություն և բազմազանություն:

Վրաստանը Ընձենավորի քաղաքակրթությունն է, որտեղ օտարին ընդունելը և տարբեր մշակույթների համակեցությունը հիմնված է ոչ թե բանաձևի վրա, այլ՝ մեր ինքնության մասն է:

Քրիստոնեությունը Վրաստան բերեց Կապադովկիացի Նինոն, որին հավատարմություն հայտնեցին հայազգի Շուշանիկը, արաբ Աբոն և պարսիկ Եվաստատիուսը:

Վրաստանը գինու և մեծ հավանականությամբ, նաև ցորենի հայրենիքն է, քանի որ հենց մեզ է եվրոպական առաջին քաղաքակրթությունը, Հունաստանն անվանել «Գեորգիա» – հողագործություն:

Մենք, դեռևս 12-րդ դարում, Եվրոպայում առաջիններն ունեինք կին թագավոր, դրեցինք պառլամենտարիզմի հիմքը և հենց Վրաստանում, Շոթա Ռուսթավելին առաջինն օրորեց եվրոպական հումանիզմի օրորոցը:

Ժողովրդավարություն, օրենքի գերագույնություն, հավասարություն և հանդուրժողականություն – սրանք այն արժեքներն են, որի վրա կանգնած է Եվրոպան և որն այդքան խորը պատել է վրացական հոգին: Հենց այդ բնավորությունը և արժեքներն են Վրաստանը դարձնում Եվրոպայի մաս:

Լինել բազմազգ և բազմակրոն Վրաստանի զավակ, այսինքն՝ լինել վրացի, նշանակում է – երգել մրավալժամիերի (վրացական ժողովրդական եռաձայն երգեցողություն), ստեղծել բազմաձայնություն, պարել խորումի (մարտական բնույթի պար), գրել Ընձենավորը:

Հենց նման մոտեցումներով ենք մենք հասել Եվրոպայի հետ Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագրերը կնքելու իրականությանը, հենց նման մոտեցումների շնորհիվ է Վրաստանի քաղաքացիներին շնորհվել Եվրամիությունում առանց վիզա երթևեկելու հնարավորություն:

Վստահ եմ, կգա այն օրը, երբ մենք, կրկին այստեղ, այս խորհրդանշական վայրում, Ազատության հրապարակում, կտոնենք Վրաստանի անդամակցությունը Եվրոպային և միասին կասենք – վերականգնվեց պատմական արդարությունը, մենք հասանք մեր նպատակին:

Կեցցե մեր հայրենիքը, կեցցե Վրաստանը: Շնորհակալություն»,- նշել է Բիձինա Իվանիշվիլին: