Politico. Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանած եվրոպացի առաջնորդներին Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորագրված ատրճանակներ և մարտական փամփուշտներ է նվիրել
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանած եվրոպացի առաջնորդներին փորագրված ատրճանակներ և մարտական փամփուշտներ են նվիրել. այս մասին գրում է «Politico»-ն։
Պարբերականի փոխանցմամբ՝ հրազենն ու փամփուշտները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։
Եվրոպական խորհրդի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ Կոշտայի անվտանգության ծառայությունը զենքը վերցրել է ստուգման համար։
«Բելգիական ընթացակարգերի պահպանմամբ մենք այն կտեղափոխենք Բելգիա, իսկ այնուհետև կպահենք Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարության կողմից սահմանված անվտանգության պահանջներին համապատասխան»,- հայտարարել է Անտոնիու Կոշտան։
Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ հրազենը, ամենայն հավանականությամբ, կխախտի նվերների արժեքի համար սահմանված խիստ սահմանափակումները, և քիչ հավանական է, որ եվրոպացի առաջնորդներն դրանք անձամբ պահեն իրենց մոտ։
Մյուս եվրոպացի առաջնորդները, որոնք նույնպես հրազեն են ստացել որպես նվեր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը և Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը, հրապարակավ հայտարարել են, որ իրենց զենքերը կթողնեն Թուրքիայում՝ վնասազերծման (ապակտիվացման) համար, նախքան դրանք իրենց երկրներ տեղափոխելը։