Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ պաշտպանության նախարարի հետ միասին հրաման է արձակել, որի համաձայն՝ Լիբանանի հարավային հատվածում գտնվող իսրայելցի զինվորներն ունեն գործողությունների լիակատար ազատություն՝ կանխելու ցանկացած սպառնալիք, որը սպառնում է իրենց կամ Իսրայելի հյուսիսում բնակվող քաղաքացիներին։
«Իսրայելի պաշտպանության բանակն այս հարցում սահմանափակված չէ։ Ես աջակցում և թիկունք եմ կանգնում նրանց։ Ամբողջ ազգը կանգնած է նրանց կողքին։ Ես պնդում եմ, որ մենք մնանք Լիբանանի հարավի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Իսրայելի հյուսիսային հատվածում բնակվողների և մեր պետության բոլոր քաղաքացիների պաշտպանության համար»,- հայտարարել է Նեթանյահուն։
Ի գիտություն՝ Լիբանանում հրադադարի ռեժիմն արդեն երկրորդ օրն է, ինչ ուժի մեջ է։ «Ռոյթերսի» փոխանցմամբ՝ գործակալությանը Լիբանանի անվտանգության ուժերից հայտնել են, որ, չնայած դրան, գոյություն ունի մարտական գործողությունների վերսկսման սպառնալիք, ինչի պատճառով էլ տեղահանված անձինք չեն շտապում վերադառնալ իրենց տներ։