Այսօր Բելգիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը: Առաջին փուլում պատվաստվել են երեք տարեցների ապաստարանների բնակիչները:
Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը:
Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ներարկել են, Պուրսի մունիցիպալիտետում գտնվող ծերանոցի, 96-ամյա բնակիչ Ջո Հեմանսին: Հենց Պուրսում է պատրաստվում «Փայզեր» և «Բիոենտեք» ընկերությունների պատվաստանյութը, որը ստացել են Եվրամիության երկրները:
Պատվաստվել են նաև ֆրանսալեզու Մոնս և Բրյուսել քաղաքի ծայրամասերում գտնվող ծերանոցի շահառուները: Հասարակական առողջապահության գիտական ինստիտուտի կողմից դեկտեմբերի 3-11-ին անցկացրած հարցման արդյունքում բելգիացիների 60 տոկոսը պատրաստ է ներարկել պատվաստանյութը: Բելգիան համավարակի ընթացքում մեկ շնչին ընկնող մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է:
Ներկայումս Բելգիայում գործում է մասնակի տնտեսական և սոցիալական կարանտին: Երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 19 200 մարդ: