Բալթյան երկրները և Բուլղարիան արտաքսեցին ռուս դիվանագետներին
Բալթյան երկրները և Բուլղարիան արտաքսեցին ռուս դիվանագետներին: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարների տվյալներով՝ երեք երկրներից արտաքսվել են 10 ռուս դիվանագետներ։
Ինչպես նշել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը, ռուս դիվանագետների արտաքսման պատճառն այն է, որ նրանց գործունեությունը չի համապատասխանում իրենց դիվանագիտական կարգավիճակին։ Նաև որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիան։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուս դիվանագետները արտաքսվել են, քանի որ նրանք ուղղակիորեն և ակտիվորեն խաթարել են Էստոնիայի անվտանգությունը և քարոզչություն են տարածում՝ արդարացնելու Ռուսաստանի ռազմական գործողությունները:
Լիտվան բացատրել է ռուս դիվանագետների արտաքսումը Ուկրաինայի նկատմամբ համերաշխությամբ։
10 ռուս դիվանագետների արտաքսման որոշում է կայացրել նաեւ Բուլղարիան։ Բուլղարիայում ՌԴ դեսպանի խոսքով՝ դիվանագետներին մեղադրել են դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության մեջ։