Ազգային բանկը թողել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը անփոփոխ՝ ութ տոկոսի մակարդակով
Ազգային բանկը թողել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը անփոփոխ՝ ութ տոկոսի մակարդակով

Վրաստանի ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն 2025 թվականի հունիսի 18-ի նիստում անփոփոխ է թողել դրամավարկային քաղաքականության (վերաֆինանսավորման) տոկոսադրույքը, որը կազմում է 8.0%։

Վրաստանում գնաճը շարունակում է պահպանվել թիրախային՝ 3 տոկոսի մակարդակին մոտ։ 2025 թվականի մայիսին ընդհանուր գնաճը կազմել է 3.5% տարեկան կտրվածքով, իսկ բազային գնաճը՝ 2.0%։

Երկարաժամկետ գնաճային սպասումները մնում են կայուն։ Ծառայությունների ոլորտի գնաճը մայիսին կազմել է 2.2%, ինչը համարվում է երկարաժամկետ գնաճային ակնկալիքների ցուցիչ։ Գնաճի աճին հիմնականում նպաստում է սննդամթերքի գների բարձրացումը՝ արտացոլելով գլոբալ շուկաների տենդենցները, մինչդեռ ներմուծված ապրանքների դեֆլյացիան՝ մասնավորապես վառելիքի գների անկման շնորհիվ, նպաստում է գնաճի թուլացմանը։ Կենտրոնական սցենարի համաձայն՝ 2025-ին գնաճը միջինում կլինի 3.8%, բայց միջինաժամկետ հատվածում կկայունանա մոտ 3%-ի վրա։

Տնտեսական ակտիվությունը մնում է ուժեղ. առաջին չորս ամիսների միջին աճը կազմել է 8.8%։ Սպասվում է, որ աճը մոտենալու է իր երկարաժամկետ տեմպին։ Նույն կերպ, վարկային ակտիվության աճն էլ դարձել է կայուն։

Հաշվի առնելով գլոբալ գեոպոլիտիկական լարվածությունը և առևտրային սահմանափակումները՝ տնտեսական անորոշությունը բարձր է։ Կոմիտեն քննարկել է ինչպես բարձր, այնպես էլ ցածր գնաճային ռիսկերի սցենարներ։ Մերձավոր Արևելքի պատերազմական իրավիճակը կարող է բարձրացնել նավթի գները, իսկ գլոբալ տնտեսական ֆրագմենտացիան՝ նպաստել մատակարարման շղթաների խախտմանը և գնաճի աճին։ Այս դեպքում կարող է պահանջվել ավելի բարձր տոկոսադրույք։ Մյուս կողմից, դոլարի արժեքի անկումը և սննդամթերքի միջազգային գների նվազումը կարող են նվազեցնել ընդհանուր գնաճը։

Վերլուծելով մակրոտնտեսական ցուցանիշներն ու ռիսկերը՝ կոմիտեն որոշել է պահպանել տոկոսադրույքը անփոփոխ՝ 8% մակարդակով։ Դրանում փոփոխություններ կարող են լինել՝ կախված նոր կանխատեսումներից և ռիսկերի վերլուծությունից։

Վրաստանի ազգային բանկը կօգտագործի բոլոր գործիքները՝ գների կայունությունն ապահովելու համար, ինչը նշանակում է, որ գնաճը միջինաժամկետ հատվածում կմնա մոտ 3%-ի։

Դրամավարկային քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը կկայանա 2025 թվականի հուլիսի 30-ին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային բանկը։