Այլևս չեմ տեսնում Անակլիայի նավահանգստի նախագծի երկարաձգման հեռանկարները. Նաթիա Թուրնավա
Այլևս չեմ տեսնում Անակլիայի նավահանգստի նախագծի երկարաձգման հեռանկարները. Նաթիա Թուրնավա

Կառավարությունը հնարավոր է այլևս չերկարաձգի «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» պարտավորությունների ժամկետը: Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան ասում է, որ նախագծի հետաձգման հեռանկար չի տեսնում:

«Մնացել է մի քանի օր, մինչև վերջնաժամկետը: Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, սակայն այս առումով բարձր ակնկալիքներ չունենք: Ինչ վերաբերում է նախագծի հետաձգմանը, ապա դա լիովին անիմաստ է: Նախագիծն արդեն շատ է ուշացել և առաջին հայտարարված մրցույթից հետո, 2020 թվականին պետք է ստանայինք կառուցված նավահանգիստը և համաձայնագրի պայմաններով առաջին փուլը պետք է ավարտվեր: Տնտեսությունն արդեն բավականին տուժել է, քանի որ մենք դեռ չունենք խորջրյա նավահանգիստ: Ես անձամբ չեմ տեսնում այս նախագծի հետաձգման հեռանկարը»,- ասել է Թուրնավան:

Միջանկյալ ժամկետն արդեն լրացել է դեկտեմբերի 16-ին, երբ Անակլիայի զարգացման կոնսորցիումը պետք է բանկերին ներկայացներ վարկային պայմանագրերը: Դեկտեմբերի 31-ին կոնսորցիումի վերջնաժամկետն է, երբ կոնսորցիումը պետք է պատրաստի ինչպես սեփական կապիտալը, այնպես էլ նավահանգստի կառուցման համար համապատասխան պայմանագրեր:

Դեկտեմբերի 16-ին կոնսորցիումը հայտարարություն էր տարածել, որտեղ խոսվում է նոր ներդրողի գտնելու և կառավարության աջակցության մասին: