Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին կոչ է անում ընդլայնել ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ծառայությունները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային հանրությանը նախազգուշացնում է, որ եթե պահպանվի ներկայիս միտումը, առաջիկա 20 տարիների ընթացքում աշխարհում ուռուցքաբանական հիվանդությունների քանակը կավելանա 60 տոկոսով: Այս մասին ասված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուռուցաբանական հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:
Ըստ կազմակերպության տվյալների, 2018 թվականին աշխարհում ուռուցքից մահացել է 9,6 միլիոն մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհրաժեշտ է համարում, միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում ընդլայնել ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ծառայությունները: Գոյություն ունեցող կանխատեսմամբ, նման երկրներում առաջիկա երկու տասնամյակների ընթացքում գոյություն ունի ուռուցքաբանական հիվանդությունների 81% աճի ռիսկ:
Ինչպես պարզաբանում են կազմակերպությունում, դա պայմանավորված է նրանով, որ այդ երկրների արդեն իսկ սահմանափակ ռեսուրսները հիմնականում ուղղված են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, ինչպես նաև երեխաների և հղի կանանց առողջապահությանը: Միևնույն ժամանակ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները զուրկ են ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման, նախապահպանման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումներից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ուռուցքի հետազոտության միջազգային գործակալության համատեղ զեկույցի համաձայն, ջանքերի համակարգմամբ, հնարավոր կլինի առաջիկա քսան տարվա ընթացքում փրկել ավելի քան 7 միլիոն մարդու կյանք: Այդ կապակցությամբ, հարկավոր է յուրաքանչյուր երկրի համար սահմանել համապատասխան միջոցներ և համագործակցել շահագրգռված կողմերի հետ: