Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը պաշտպանեց Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը: Շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 20-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ այդ ցուցանիշով թարմացնելով սեփական ռեկորդը:
Australian Open-ի եզրափակիչում Ֆեդերերը 5 սեթում առավելության հասավ աշխարհի 6-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ՝ 6:2, 6:7, 6:4, 3:6, 6:1: Մրցախաղը տեւեց 3 ժամ 7 րոպե:
Մրցաշարի կազմակերպիչները շոգի պատճառով որոշել էին եզրափակիչ մրցախաղն անցկացնել փակ տանիքի տակ: Այսօր Մելբուրնում օդի ջերմաստիճանը +37 է:
Հատկանշական է, որ մինչև եզրափակիչը Ռոջեր Ֆեդերերն այս մրցաշարում անցկացրել էր 6 մրցախաղ և չէր պարտվել ոչ մի սեթ: Նա 6-րդ տիտղոսը նվաճեց Australian Open-ում, որում հաղթել էր նաև 2004, 2006, 2007, 2010 և 2017 թվականներին: Սա շվեյցարացու կարիերայի 96-րդ տիտղոսն էր:
Ռոջեր Ֆեդերերն ու Մարին Չիլիչը նախկինում հանդիպել էին 8 անգամ (շվեյցարացին տարել էր 7 հաղթանակ), իսկ Australian Open-ում մրցեցին առաջին անգամ:
Հիշեցնենք, որ Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերից նաեւ 8 անգամ հաղթել է Ուիմբլդոնում, 5 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, 1 անգամ՝ «Ռոլան Գարոսում»: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում երկրորդ ամենաշատ տիտղոս նվաճած թենիսիստն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն է, որն ունի 16 տիտղոս: Եռյակը եզրափակում է լեգենդար ամերիկացի Պիտ Սամպրասը՝ 14 տիտղոս:
Հեղինակ -
Edgar Barsegyan