ԱՄՆ-ն առաջարկում էր Թուրքիային Ուկրաինային փոխանցել ռուսական արտադրության С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր. Reuters
ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է Ուկրաինային հանձնել ռուսական արտադրության С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը։
Համապատասխան տեղեկությունը երեք աղբյուրների հիման վրա տարածում է Reuters-ը։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ անցյալ ամիս ամերիկացի պաշտոնյաները ոչ պաշտոնապես բարձրացրել են այդ հարցը թուրք գործընկերների հետ, սակայն Reuters-ի աղբյուրի համաձայն՝ պաշտոնական կամ կոնկրետ հարցում չի եղել: Միաժամանակ, ըստ գործակալության, Ուկրաինային «С-400»-ի հանձնման հնարավորությունը կարճ ժամանակով բարձրացվել է պետքարտուղարի օգնական Վենդի Շերմանի՝ այս ամիս Թուրքիա կատարած այցի ժամանակ։
Վերլուծաբանների կարծիքով՝ այդ գաղափարը, որն անխուսափելիորեն մերժվեց թուրքական կառավարության կողմից, Շերմանի և նրա թուրք գործընկերների միջև լայնածավալ քննարկման մի մասն էր՝ ուղղված ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից Ուկրաինային օգնություն տրամադրելուն և Անկարա-Վաշինգտոն երկկողմ հարաբերությունների բարելավմանը:
Անկարայի կողմից Ռուսաստանից С-400 հրթիռային համակարգերի գնումը վեճ է առաջացրել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև։ Թուրքիան ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համալիրների առաջին խմբաքանակը ստացել է 2019 թվականի հունիսին։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ և Անկարային դուրս մղեց F-35 կործանիչների ծրագրից։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրներին ու վերլուծաբաններին, ռուսական հրթիռային համալիրներն Ուկրաինային հանձնելու հնարավորությունը Թուրքիան չի դիտարկի։ Սրա պատճառը տարբեր խնդիրներն են, այդ թվում՝ «С-400»-ի շահագործման հետ կապված տեխնիկական խոչընդոտները, ինչպես նաև Մոսկվայի արձագանքը։