ԱՄՆ-ը Ռուսաստանում ռեժիմի փոփոխության ռազմավարություն չունի. Էնթոնի Բլինկեն
Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանում ռեժիմի փոփոխության ռազմավարություն չունի,- այս մասին Երուսաղեմ կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ինչպես գիտեք, և ինչպես բազմիցս լսել եք, մենք Ռուսաստանում կամ որևէ այլ վայրում ռեժիմի փոփոխության ռազմավարություն չունենք։ Այս դեպքում, ինչպես ցանկացած այլ դեպքում, դա այս երկրի ժողովրդի գործն է: Դա պետք է որոշի ռուս ժողովուրդը», – ասել է Բլինկենը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Վարշավա կատարած այցի ժամանակ դիմել էր քաղաքացիներին: ԱՄՆ-ի նախագահն իր ելույթը եզրափակել է հետևյալ խոսքերով՝ «Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող պահպանել իշխանությունը»։
Կրեմլում հայտարարել են, որ Վլադիմիր Պուտինն ընտրվում է Ռուսաստանի քաղաքացիների կողմից, և Միացյալ Նահանգները չէ, որ պետք է որոշի, թե արդյոք նա կմնա իշխանության։
Սպիտակ տունը պարզաբանել է Բայդենի հայտարարությունը և ասել, որ Բայդենը նկատի ուներ, որ Պուտինը չպետք է կարողանա օգտագործել իր իշխանությունը հարևան երկրներում։