ԱԳՆ. Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Դավիթ Գարեջիի հարցով անընդունելի է ցանկացած սադրանք
Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովների նախագահների հանդիպման մասին Վրաստանի արտաքին գերատեսչությունը տարածում է պաշտոնական տեղեկություն: Տեղեկությունում նշված է, որ երկու երկրների ներկայացուցիչներն ընդգծել են հարցի կարևորությունը և նշել, որ անընդունելի է հարցի շուրջ ցանկացած տիպի սադրանք:
«Մայիսի 14-ին Բաքվում կայացել է աշխատանքային հանդիպում Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովների նախագահների, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի միջև:
Կողմերը քննարկել են պետական սահմանի սահմանագծման ընթացքը և քննարկել առաջիկա քայլերը: Նշվել է, որ պետական սահմանի մոտ 2/3 մասը համաձայնեցված է հանձնաժողովների կողմից և անհրաժեշտ է վերսկսել ակտիվ հաղորդակցությունը չհամաձայնեցված հատվածներում կողմերի դիրքորոշումների համաձայնեցման նպատակով: Կա համաձայնություն, որ երկու երկրների կառավարական հանձնաժողովների պաշտոնական նիստը կանցկացվի հաջորդ շաբաթ:
Երկու երկրների ներկայացուցիչներն ընդգծել են հարցի կարևորությունը և նշել, որ անընդունելի է հարցի շուրջ ցանկացած տիպի սադրանք»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկությունում: