Հաքան Ֆիդանը Կազանում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ
Հաքան Ֆիդանը Կազանում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կազանում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման սկզբում Պուտինը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կայուն զարգանում են։

«Մեր շփումները դուրս են եկել պաշտոնական շրջանակներից և ձեռք են բերել բարեկամական բնույթ։ Սա մեծապես պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցաբերած մոտեցմամբ։ Ես կցանկանայի մեր լավագույն մաղթանքները փոխանցել Էրդողանին։ Մենք միշտ ուրախ ենք նրան մեր երկրում հյուրընկալել», – ասել է Պուտինը։

Իր հերթին Ֆիդանը Պուտինին փոխանցել է Թուրքիայի նախագահի ողջույնները և նշել, որ տարածաշրջանում և աշխարհում կան քննարկելու շատ կարևոր հարցեր։

«Մեր տարածաշրջանը և աշխարհը շատ խիտ օրակարգ ունեն։ Այս հարցերում ձեր փորձը շատ կարևոր է։ Կան շատ հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք», – ասել է Ֆիդանը։

Պուտինի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ զրույցում Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դիվանագիտական ​​ավարտին։

«Թուրքիան պատրաստ է տրամադրել ամեն տեսակի աջակցություն, այդ թվում՝ հետագա բանակցությունների կազմակերպում», – ասել է Ֆիդանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ նա նկատել է, որ Ուկրաինայի հարցում նրանց դիրքորոշումը չի փոխվել։

«Ես նկատեցի, որ ռուս պաշտոնյաների տեսակետները Ուկրաինայի վերաբերյալ չեն փոխվել։ Նրանք ասում են, որ առանց Դոնեցկի հարցը լուծելու ոչինչ չի լինի», – ասաց Ֆիդանը։

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարը խոսեց թուրք-հայ հարաբերությունների մասին և նշեց, որ պատրաստ է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ֆիդանի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի միջև մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կամքի հիման վրա, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության ոլորտներում։