Ադրբեջանի նախագահը և Սլովակիայի վարչապետը համատեղ հռչակագիր են ստորագրել ռազմավարական գործընկերության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ստորագրել են համատեղ հռչակագիր ռազմավարական գործընկերության մասին։
Ինչպես ասել է Ադրբեջանի ղեկավարը, սա շատ լուրջ քաղաքական փաստաթուղթ է, որը բարձրացնում է երկու երկրների կապերը ամենաբարձր մակարդակի վրա։ Ալիեւի խոսքով, Սլովակիա-Ադրբեջան հարաբերություններում նոր էջ է բացվում։
Իլհամ Ալիևը և Ռոբերտ Ֆիցոն ստորագրել են մի շարք փաստաթղթեր պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Կողմերը բանակցություններ են սկսել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրական հարթակներ ստեղծելու շուրջ։ Կողմերը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։
«Ադրբեջանն իր բնական գազը Եվրոպա տեղափոխելու հուսալի ուղիներ է օգտագործում։ Եվրոպա մատակարարման ծավալը 2021 թվականին ութ միլիարդ խորանարդ մետրից այս տարի հասել է 12 միլիարդ խորանարդ մետրի։ Սա Ադրբեջանի ընդհանուր գազի արտահանման ուղիղ կեսն է։ Մեր ծրագիրն է՝ մինչև 2027 թվականի վերջ գազի փոխադրումը հասցնել 20 խմ-ի միայն Եվրամիությունում։ Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Ռոբերտ Ֆիցոն իր հերթին նշել է, որ Սլովակիան պատրաստ է կամուրջ դառնալ Ադրբեջանի և Եվրամիության միջև։
«Դուք կողմ եք ինքնիշխան արտաքին քաղաքականությանը։ Դուք միջազգային իրավունքը պաշտպանող մարդ եք: Դուք պրագմատիկ մարդ եք, և ձեր արտաքին քաղաքականությունը կենտրոնացած չէ միայն մեկ ուղղությամբ։ Դուք լավ գիտեք, թե որքան կարևոր է տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ, որպես Եվրամիության անդամ երկրի ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ երբեմն Եվրամիությունը սիրում է իմաստություն հաղորդել ուրիշներին։ Իսկ ես իմ քաղաքական պրակտիկայում գերադասում եմ չմիջամտել որեւէ երկրի ներքին գործերին։ Պարոն նախագահ, ես հիասթափված եմ որոշ միջազգային կառույցներում փոքր երկրների նկատմամբ խտրականությունից, անարդարությունից և կողմնակալությունից: Որովհետեւ մենք էլ բնակչության թվով փոքր երկիր ենք։ Ես շատ ուշադիր լսեցի ձեզ և ասացի այդ մասին օդանավակայանում ինձ դիմավորած պատվիրակությանը. մենք պատրաստ ենք կամուրջ դառնալ Ադրբեջանի և Եվրամիության միջև»,- ասել է Ֆիցոն, ում ելույթը թարգմանել են ադրբեջանական լրատվամիջոցները։