Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ։ Այս մասին տեղեկությունը տարածում է ադրբեջանական գործակալությունը՝ հենվելով Ադրբեջանի գլխավոր դատախազության վրա։
Գերատեսչության տվյալներով՝ «գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել ԶԼՄ-ներում Դելյագինի վերջին ելույթի վերաբերյալ, որը հակասում է երկու երկրների համագործակցության սկզբունքներին»։
Ըստ Ադրբեջանի դատախազության՝ 2022 թվականի մարտի 28-ին Դելյագինը հանդես է եկել «Ռոսիա 1»-ի եթերում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելու բացահայտ կոչերով, ինչպես նաև սադրիչ հայտարարություններ է արել Ադրբեջանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների ոչնչացման համար մարտավարական միջուկային զենքի օգտագործման վերաբերյալ։
«Դումայի պատգամավորի գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործությունների նշաններ, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի կոչեր, ահաբեկչություն՝ հրազենի կիրառման սպառնալիքով, ատելության կամ թշնամանքի հրահրում և մարդկային արժանապատվության ոտնահարում։ Դրա հիման վրա Ադրբեջանի գլխավոր դատախազը հանձնարարել է քննչական բաժնին իրականացնել նախաքննություն՝ քրեական գործ հարուցելու համար։ Բավարար ապացույցներ հավաքելուց հետո Միխայիլ Դելյագինի նկատմամբ Ինտերպոլի կողմից դատարանի որոշմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,- ասվում է Ադրբեջանի դատախազության հաղորդագրությունում։
Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները դիմել են գործընկեր պետությունների համապատասխան մարմիններին՝ ապահովելու նրա անհապաղ ձերբակալությունը և արտահանձնումը Ադրբեջան՝ այդ երկրների տարածք մուտք գործելու դեպքում։