Արտաքին գործերի նախարարությունում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը զրուցել են Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործի շուրջ
Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, Վախտանգ Մախարոբլիշվիլին հանդիպել է Վրաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշի հետ:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև գոյություն ունեցող հրատապ հարցերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, այցերը և առաջիկայում ծրագրված միջոցառումները:
Հանդիպման հիմնական թեմաներից մեկը Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունն էր: Գերմանական կողմը վրացական կողմին տեղեկացրել է հետաքննության ընթացքի մասին:
«Ես շատ արդյունավետ զրույց եմ ունեցել իմ վրացի գործընկերոջ հետ: Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և զրուցել նրա Բեռլին կատարած այցի շուրջ: Հատուկ ուշադրություն ենք դարձրել Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով ընթացող հետաքննությանը: Սա գերմանական կողմի հետաքննություն է, սակայն դա երկու երկրների հետաքրքրություններում է: Ես նախարարի առաջին տեղակալին տեղեկացրել եմ, որ գերմանական իշխանությունների եզրահանգման համաձայն, կասկած կա, որ այս սպանությունը իրականացվել է պետական ֆինանսավորմամբ, և որ հետաքննությունը շարունակվում է այդ հիմքի վրա»,- ասել է Հուբերտ Քնիրշը:
Իր հերթին Վախտանգ Մախարոբլիշվիլին նշել է, որ իրենք այս հարցի շուրջ պարբերաբար շփումներ ունեն գերմանական կողմի հետ: