86 տարի անց առաջին անգամ, Այա Սոֆիայում կատարվել է մահմեդականների ուրբաթօրյա աղոթքը (վիդեո)

86 տարի անց առաջին անգամ, Այա Սոֆիայում կատարվել է մահմեդականների ուրբաթօրյա աղոթք: Մզկիթի վերածված տաճարում է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ծանրաբեռնվածությունից խուսափելու համար աղոթողների համար հատկացվել էր 5 տարբեր տարածք: Անվտանգությունն ապահովելու համար, մինչև աղոթքը և աղոթքի ժամանակ Ստամբուլում փակվել էր մի քանի փողոց և մետրոկայան:

Այս Սոֆիայի քրիստոնեական տաճարը Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսը կառուցել է 537 թվականին: 1453 թվականին, օսմանների կողմից Բյուզանդիան գրավելուց հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1934 թվականին, Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման ժամանակ, Այա Սոֆիային շնորհվել է թանգարանի կարգավիճակ:

Ընթացիկ ամսվա սկզբին, Թուրքիայի դատարանը չեղարկել էր Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը, որից հետո Թուրքիայի նախագահն ասել էր, որ Այա Սոֆիան կրկին կվերածվեր մզկիթի: