Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Տաջիկստանի Գերագույն ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության Գերագույն ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ֆայզալ Իդիզոդայի հետ։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահին վրացական պատվիրակությանը հյուրընկալելու համար և հայտնել է երկկողմ համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում զրույցը շոշափել է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև միջխորհրդարանական կապերը։ Նշվել է, որ փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված հարաբերությունները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար։
Տաջիկստանի Հանրապետության Գերագույն ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահը հույս է հայտնել, որ ամենաբարձր մակարդակի այցը և ստորագրված համաձայնագրերը կնպաստեն երկկողմ հարաբերությունների նոր փուլի անցմանը, ինչպես նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությանը։
Հանդիպումից հետո Վրաստանի վարչապետը պատվիրակության հետ միասին շրջել է Օլի Մեջլիսի շենքում և հիշարժան գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։