Ֆրիդրիխ Մերց. Գերմանիան Իրանի հետ հակամարտության դադարեցման հարցում զգալի տնտեսական շահ ունի, էներգակիրների թանկացումը Եվրոպային արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է նստել

16:39, 30.10.2026
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարում է, որ Գերմանիան Իրանի հետ հակամարտության դադարեցման հարցում զգալի տնտեսական շահ ունի։
Նրա խոսքով՝ էներգակիրների թանկացումը Եվրոպային արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է նստել։
«Ես միայն կարող եմ դիմել հակամարտության մասնակից կողմերին. այս հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել», — նշել է Մերցը։
Կանցլերի հայտարարությամբ՝ Գերմանիան և նրա գործընկերները տարբեր ուղիներով աշխատում են դիվանագիտական ջանքերի համակարգման և ակտիվացման ուղղությամբ, որպեսզի հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Դոնալդ Թրամփը բարձրագույն ռազմական հրամանատարության հետ առանձնազրույց է ունեցել՝ Իրանի հետ պատերազմում հետագա քայլերը քննարկելու նպատակով։
Լրատվամիջոցները գրում էին նաև, որ Վաշինգտոնը Պարսից ծոցի մի քանի արաբական երկրների զգուշացրել է պատրաստվել Իրանի դեմ կարճատև և ինտենսիվ ռազմական արշավին՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

Նմանատիպ