Իրակլի Չիքովանին հանդիպել է Գերմանիայի դեսպան Բարբարա Ֆոսին

16:52, 30.10.2026
Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին ճանաչողական հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր դեսպան Բարբարա Ֆոսի հետ։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նախարարը դիվանագետին հաջողություն է մաղթել և ուշադրություն հրավիրել երկու երկրների միջև առկա հարաբերությունների վրա։ Նա գերմանական կողմին շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն ցուցաբերած աներեր աջակցության համար։
«Հանդիպմանը կողմերը խոսել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի մասին։ Նշվել է Գերմանիայի ավանդը Վրաստանի պաշտպանական ուժերի զարգացման և ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) նախաձեռնությունների իրականացման գործընթացում։
Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը կողմերը ուշադրություն են հրավիրել նաև տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրի և մարտահրավերների վրա։
Հանդիպմանը ներկա են եղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին և Գերմանիայի պաշտպանության ատաշե, փոխգնդապետ Շտեֆան Հոֆմայսթերը», — նշված է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ