2017 թվականին Վրաստանը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հյուրընկալել են հատուկ Սուրբ ծննդյան ընդունելությանը:
Կառավարության առաջնորդը բոլորին շնորհավորել է գալիք նոր տարվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեկամ երկրների ներկայացուցիչներին համագործակցության համար:
«Մեր միասնական նպատակը առաջ ընթանալն է և ողջ աշխարհում խաղաղության հաստատումը: Աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և մենք բոլորս միասին, միասնական ուժերով պայքարելու ենք դրա դեմ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր զինվորականներին, ովքեր մասնակցում են խաղարարար առաքելություններին, այդ թվում նաև վրաց զինվորներին»,-ասել է Կվիրիկաշվիլին:
Վարչապետը նշել է, որ 2018 թվականը հիշարժան տարի է Վրաստանի համար, քանզի երկիրը տոնում է առաջին վրացական հանրապետության 100 ամյակը:
«20-րդ դարի սկզբում տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն, Վրաստանը ստեղծել է ժողովրդավարական հանրապետություն, ճիշտ է այդ պետությունը գոյատևել է ընդհամենը երեք տարի, սակայն բազմաթիվ հերոսների գործողությունների շնորհիվ երկիրը իր անկախությունը վերականգնեց 90 ական թվականների սկզբին: Այսօր մենք բազմաթիվ երկրների հետ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել բոլորին»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը խաղաղություն և հաջողություններ է մաղթել Վրաստանի բարեկամ երկրներին, դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին:
Վարչապետը նախագահի և հյուրերի հետ միասին դիտել է նաև նախագահի նստավայրում բացված ՝ «անկախությունից ազատություն» վերտառությամբ ցուցահանդեսը:
Երեկոյին ներկա էին նաև կառավարության անդամներ, պատգամավորներ, մայրաքաղաքի կառավարության, Վրաստանի պատրիարքարանի, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan