Իրանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի (լուսանկարներ)
Իրանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի: Այդ մասին հայտնում է Press TV-ն՝ վկայակոչելով Իրանի աղետների կառավարման ազգային կենտրոնին: Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է մոտ 2,5 հազար մարդ:
Հաղորդագրությունների համաձայն՝ Իրաքում երկրաշարժի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել է 130 մարդ:
7.3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով 21:18-ին Իրանի և Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր հարավ ընկած հատվածում: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իրանի Քերմանշահ շրջանի Սարփոլե Զահաբ քաղաքում:
Հաղորդվում է, որ մոտ 70 հազար մարդ մնացել է անտուն: Նրանց համար կազմակերպվում են վրանային ճամբարներ: Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:
Քերմանշահում հայտարարվել է եռօրյա սուգ:
Նշենք, որ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, Քուվեյթում, Հորդանանում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում և Բահրեյնում:
Հեղինակ -
Edgar Barsegyan