Զիմբաբվեի զինված ուժերը հայտարարել են, որ գրավել են իշխանությունը՝ «հանցագործներից» ազատվելու համար
Զիմբաբվեի զինված ուժերը հայտարարել են, որ գրավել են իշխանությունը՝ «հանցագործներից» ազատվելու համար

Զիմբաբվեի զինված ուժերը հայտարարել են, որ գրավել են իշխանությունը և նշել են, որ իրենց գործողությունն ուղղված է նախագահ Ռոբերտ Մուգաբեի շուրջ գտնվող «հանցագործների» դեմ, որոնք երկրի համար սոցիալական և տնտեսական խնդիրներ էին ստեղծում: Զինվորականները հանդես են եկել հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ 93-ամյա նախագահը և նրա ընտանիքն ապահով է, հայտնում է Reuters գործակալությունը:

Զինվորականները և զրահապատ մեքենաները մայրաքաղաք Հարարեում արգելափակել են կառավարական շենքեր, խորհրդարան և դատարաններ տանող ճանապարհները:

Գործակալությունը հայտնում է, որ զինվորականները ձերբակալել են ֆինանսների նախարար Իգնատիուս Չոմբոյին, ինչպես նաև հսկողության տակ են վերցրել պետական ZBC հեռուստառադիոընկերությունը:

Հաղորդվում է, որ Մուգաբեն նոյեմբերի սկզբին հեռացրել է իր տեղակալ Էմերսոն Մնանգագվային, ով համարվում էր նրա հնարավոր հետևորդ և վայելում էր զինվորականների աջակցությունը: