Զիմբաբվեն նոր նախագահ ունի
Զիմբաբվեն նոր նախագահ ունի

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի մարդաշատ մարզադաշտում Էմերսոն Մնանգագվան պաշտոնապես ստանձնեց հարավաֆրիկյան այդ երկրի նախագահի պաշտոնը: Նա խոստանում է երկրում «ժողովրդավարության նոր էջ բացել»:

Ռոբերտ Մուգաբեն գրեթե չորս տասնամյակ իշխելուց հետո նոյեմբերի 21-ին հրաժարական տվեց զինվորականների և իր կուսակցության ճնշումների ներքո: Ռազմական հեղաշրջումից հետո 75-ամյա Մնանգագվան վերջին մի քանի օրերին երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր, մինչ այդ քաղաքական գործիչը երկար տարիներ զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը:

Երկրում ընդվզումներ են սկսվել, երբ Մուգաբեն փորձել է չեզոքացնել երկրի հաջորդ նախագահի առավել հավանական թեկնածու՝ «Կոկորդիլոս» մականունով հայտնի Մնանգագվային և դեպի իշխանություն ճանապարհ հարթել իր կնոջ՝ Գրեյսի համար: