Բելգիայի դատարանը «պայմանի» դիմաց ազատ է արձակել Պուչդեմոնին ու նրա նախկին խորհրդականներին
Բելգիայի դատարանն ազատ է արձակել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ու կատալոնական կառավարության մյուս նախկին անդամներին պայմանով, որ նրանք պետք է մնան Բելգիայում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ Կատալոնիայի ազգային ասամբլեայի փոխնախագահ Ագուստի Ալկոբերոյին հղումով:
«Կատալոնիայի նախկին ղեկավարն ու Բելգիայում նրան ուղեկցող նախկին խորհրդականներն ազատության մեջ են մնացել պայմանով, որ երկրում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել նրանց՝ Իսպանիային արտահանձնելու հարցը»,-Twitter-ում գրել է Ալկոբերոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բելգիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Պուչդեմոնը և շրջանի կառավարության չորս նախկին անդամները ձերբակալվել են: Պուչդեմոնը և կատալոնական կառավարության մյուս անդամները ներկայացել են ոստիկանություն՝ փաստաբանների ուղեկցությամբ:
Նոյեմբերի 4-ին Բելգիայի իշխանությունները հաստատել են, որ ուսումնասիրում են Իսպանիայից ստացած Պուչդեմոնի և նրա աջակիցների ձերբակալության օրդերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կառլես Պուչդեմոնը հայտնել է իր ձերբակալության եվրոպական օրդերի առնչությամբ Բելգիայի դատախազության հետ համագործակցելու պատրաստակամության մասին:
Նոյեմբերի 3-ին Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Պուչդեմոնի, ինչպես նաև Բելգիայում գտնվող մյուս կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության համար միջազգային օրդեր հատկացնելու մասին: Դատարանը նրանց
կասկածում է ապստամբության կազմակերպման, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքի չարաշահման և իշխանություններին չենթարկվելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատալոնիայում հանրաքվե էր անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու ու անկախություն ստանալու հարցով: Մասնակիցների մեծ մասը կողմ էր արտահայտվել այդ առաջարկին, սակայն պաշտոնական Մադրիդը չի ընդունել հանրաքվեի արդյունքները:
Հեղինակ -
Edgar Barsegyan