Վրաստանի և Հայաստանի հանրային հեռուստատեսությունները ստորագրել են փոխհամագործակցության հուշագիր

2019 թ. հուլիսի 11-ին Հայաստանի և Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունները ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հեռուստաընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատել մեդիա նախագծերի, հաղորդումների համատեղ արտադրության, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, լրատվական նյութերի արխիվացման և տեղեկատվական գործիքների կիրառման ուղղություններով:

Կողմերը պայմանավորվեցին նաև կազմակերպել սեմինարներ, մասնագետների փոխայցելություններ, վերապատրաստումներ և ակտիվացնել լրատվական նյութերի փոխանակությունը:

«Հուշագիրը կնպաստի տեղեկատվության արագ փոխանակմանը՝ հեռուստադիտողներին ընձեռելով հնարավորություն ծանոթանալու հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Երկու երկրները ունեն հարուստ արխիվ, որից օգտվելն արդեն նոր նախագծեր ստեղծելու լայն հնարավորություն կտա»,-հայտարարել է  Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:

«Մենք շատ ուրախ ենք այս հուշագիրը ստորագրելու կապակցությամբ: Մենք ունենք փոխըմբռնում հանրային հեռարձակողի առաքելության և տեսլականի վերաբերյալ և մեր սերտ համագործակցությունը կբարելավի լրագրությունը, որը մենք ստեղծում ենք, հասարակությունը, որը մենք ձեւավորում ենք և մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք»,-իր հերթին ասել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վասիլ Մագլափերիձեն:

 

Թողնել մեկնաբանություն