Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցով աշխատելու է եռակողմ խումբ. Վլադիմիր Պուտին
Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցով աշխատելու է եռակողմ խումբ. Վլադիմիր Պուտին

Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցով աշխատելու է եռակողմ խումբ, – այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Մոսկվայում, մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը:

Պուտինի խոսքով, եռակողմ աշխատանքային խումբը կգլխավորեն Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը: Ռուսաստանի նախագահը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին նախանշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը:

Ըստ Ռուսաստանի նախագահի, եռակողմ համաձայնագրերն իրականացվում են հետևողականորեն, ինչը անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում երկարատև հակամարտության երկարաժամկետ և լիամասշտաբ կարգավորման համար արդար հիմք, ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով:

Վլադիմիր Պուտինը ասել է նաև, որ հրադադարի պահից ավելի քան 48 000 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:

«Ռուսաստանը գնահատում է գործընկերությունն ու բարիդրացիական հարաբերությունները, որոնք կապում են մեր երկրներին ու ժողովուրդներին: Հետևաբար, մենք անհանգստությամբ և ազնիվ մտահոգությամբ էինք հետևում հակամարտությանը: Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ համաձայնագրերը իրականացվում են հետևողականորեն: Կարծում եմ, որ այսօր կարևոր կլիներ, առաջին հերթին, կատարել հաջորդ քայլերը: Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի պարզելու, մարդասիրական խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հետ կապված խնդիրները», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Թողնել մեկնաբանություն