Ջո Բայդենը պաշտոնապես սկսել է կատարել ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները
Ջո Բայդենը պաշտոնապես սկսել է կատարել ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները

Ջո Բայդենը տվել է նախագահական երդումը և պաշտոնապես դարձել ԱՄՆ-ի 46-րդ նախագահը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի Կապիտոլիումի դիմաց:

Արարողության ժամանակ Բայդենը Գերագույն դատարանի դատավոր Ջոն Ռոբերթսի և ներկա հասարակության առջև երդում է տվել այն Աստվածաշնչի վրա, որը պահվում էր նրա ընտանիքում 1893 թվականից: Նա մինչ այդ երկու անգամ երդվել էր որպես փոխնախագահ:

Հանդիսավոր երդումից հետո նախագահ Բայդենը երդմնակալության խոսքով դիմեց քաղաքացիներին:

«Սա Ամերիկայի օրն է: Սա ժողովրդավարության օր է, պատմության և հույսի օր, նորացման օր: Ամերիկան ​​կարող է դիմակայել մարտահրավերներին: Այսօր մենք տոնում ենք ոչ թե թեկնածուի հաղթանակը, այլ ժողովրդավարության էությունը: Ժողովրդի կամքը կատարվեց: Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ժողովրդավարությունն առաքինություն է, և այսօր ժողովրդավարությունը հաղթեց», – հայտարարել է Բայդենը, նշելով, որ «կլինի բոլորի նախագահը»:

Բայդենից առաջ երդում է տվել ԱՄՆ-ի փոխնախագահ Կամալա Հարիսը:

46-րդ նախագահի երդմնակալությանը չի մասնակցել նրա նախորդը ՝ Դոնալդ Թրամփը: Նա լքել է Սպիտակ տունը հունվարի 20-ի առավոտյան:

Հատկանշական է, որ արարողությանը ներկա էր նախկին փոխնախագահ Մայք Փենսը: