Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Սիրիայում ավիահարվածներ են հասցրել,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի միավորված շտաբերի ղեկավար, գեներալ Ջոզեփ Դանֆորդը, Պենտագոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Դանֆորդի հայտարարությամբ, թիրախներից մեկը եղել է գիտահետազոտական կենտրոնը, որը մասնակցել է քիմիական զենքի ստեղծմանը, իսկ երկրորդ թիրախը՝ քիմիական զենքի պահեստն էր։ Գեներալի պարզաբանմամբ, հարվածների նպատակը միակն էր, որ ապագայում այլևս չօգտագործվի քիմիական զենք:
Իր հերթին ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար, Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ առաջիկայում նոր ավիահարվածներ չեն նախատեսվում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը այսօր հրամայել է , Դումայում քիմիական զենքով հնարավոր հարձակմանը ի պատասխան, Սիրիայի վրա հրթիռային հարվածներ հասցնել:
«Ես հրամայել եմ ԱՄՆ-ի զինված ուժերին հրթիռային հարվածներ հասցնել ընտրված թիրախների վրա, որոնք կապված են Սիրիայի դիքտատոր Բաշար Ասադի քիմիական զենքի հետ»,-հայտարարել է Թրամփը:
Սիրիայի իշխանությունների դեմ օպերացիային միացել են նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում լսվել են պայթյունի ձայներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan