Թուրքիան մտահոգություն է հայտնում Սև ծովում թուրքական առևտրային նավի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման կապակցությամբ. «Դա վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը»
Թուրքիայի իշխանությունների տեղեկություններով՝ Սև ծովում թուրքական առևտրային նավի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով Թուրքիայի երկու քաղաքացի է տուժել։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ թուրքական ընկերությանը պատկանող նավը գտնվել է Չեռնոմորսկի նավահանգստի մոտակայքում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ միջադեպի կապակցությամբ մտահոգությունը փոխանցվել է երկու կողմերին։
Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ հունիսի 22-ի առավոտյան Ուկրաինայի Չեռնոմորսկի նավահանգստի մոտակայքում անօդաչուներով ռմբակոծվել է Պանամայի դրոշի ներքո նավարկող և թուրքական ընկերությանը պատկանող նավը։
«Այս հարձակումների կապակցությամբ մեր մտահոգությունը, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի էսկալացիայի հետևանքով վտանգում են Սև ծովում մեր շահերը և տարածաշրջանային անվտանգությունը, փոխանցվել է երկու երկրների իշխանություններին։ Սև ծովում քաղաքացիական նավերի անվտանգության ապահովումը մնում է մեր երկրի գլխավոր առաջնահերթությունը։ Մենք կոչ ենք անում բոլոր համապատասխան կողմերին միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում լարվածության դեէսկալացիայի ուղղությամբ»,- նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հունիսի 22-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական օդային հարվածների հետևանքով Սև ծովում ռմբակոծվել է երեք քաղաքացիական նավ։ Թուրքական բեռնատար նավի վրա զոհվել է անձնակազմի անդամ հանդիսացող Եգիպտոսի քաղաքացի։ Անձնակազմի մյուս անդամներին՝ Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներին, փրկել են Ուկրաինայի ռազմածովային ուժերը։ Մյուս երկու նավերի վրա անձնակազմի անդամները չեն տուժել։