ԱՄՆ-ն պլանավորում է արգելել չինական հեռահաղորդակցության ընկերությունների ուղղակի հասանելիությունը ամերիկյան հեռախոսահամարներին, չինական կողմը ԱՄՆ-ին մեղադրում է իշխանության չարաշահման մեջ
ԱՄՆ-ն մոտ ապագայում պլանավորում է արգելել չինական հեռահաղորդակցության ընկերությունների ուղղակի հասանելիությունը ամերիկյան հեռախոսահամարներին։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Reuters»-ը։
ԱՄՆ Հաղորդակցության ֆեդերալ հանձնաժողովը (FCC) հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին քվեարկության կդնի առաջարկը, որը նախատեսում է China Mobile-ի, China Telecom-ի, China Unicom-ի և IP-տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայություններ մատուցող այլ ընկերությունների համար ամերիկյան համարներին ուղղակի հասանելիության արգելում։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս միջոցառումը նպատակ ունի կանխել խարդախության հետ կապված ավտոմատացված հեռախոսազանգերը։
«Այս որոշմամբ FCC-ն կամրապնդի մեր պաշտպանության առաջին գիծը վնասակար դերակատարների և ապօրինի ավտոմատացված հեռախոսազանգերի դեմ», – հայտարարել է հանձնաժողովի նախագահ Բրենդան Քարը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կատեգորիկ դեմ է ԱՄՆ-ի կողմից այս արգելքի հնարավոր սահմանմանը։ Գերատեսչությունը Վաշինգտոնին մեղադրել է ազգային անվտանգության հասկացության չափազանց լայն մեկնաբանման և պետական իշխանության չարաշահման մեջ։ Գերատեսչության գնահատմամբ՝ սա նպատակ ունի սահմանափակել չինական ընկերությունների գործունեությունը։