Զուրաբ Ջափարիձեն, Էլենե Խոշտարիան և Գիորգի Վաշաձեն Բաթումիում հանդիպել են բնակչության հետ
Զուրաբ Ջափարիձեն, Էլենե Խոշտարիան և Գիորգի Վաշաձեն Բաթումիում հանդիպել են բնակչության հետ

«Գիրչի – ավելի շատ ազատություն» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան և «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն Բաթումիում հանդիպել են տեղի բնակիչների հետ։

Ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներն ասում են, որ «երկիրը գնում է դեպի ռուսական ճահիճ», իշխանությունը չի փորձում կատարել Եվրահանձնաժողովի առաջարկած 12 կետերը և խեղդում է երկրի եվրոպական հեռանկարը։

Նրանց գնահատմամբ՝ կենսական նշանակություն ունի բնակչության արթնացումը և մեծ միասնություն ստեղծելը, որը իշխանության կբերի արևմտամետ ուժերին։

«Վրաստանի բնակչության 80 տոկոսը արեւմտամետ է, սակայն իշխանության մեջ գտնվող ռուսամետ փոքրամասնությունը ցանկանում է երկիրը խորտակել ռուսական ճահճում։ Մեր այս հանդիպումները, որոնք կանցկացվեն բոլոր քաղաքներում և որքան հնարավոր է շատ բնակավայրերում, ծառայում են բնակչությանը արթնացնելու և մեծ միասնություն ստեղծելու միակ նպատակին, որը կկարողանա երկիրը վերադարձնել եվրոպական ռելսերին»,- ասել է Գիորգի Վաշաձեն։

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ասում են, որ միասնություն ասելով նկատի ունեն նաև «Ազգային շարժումը»։ Նրանց գնահատմամբ՝ այս կուսակցությունում ընթացող գործընթացները ներկուսակցական խնդիր են, իրենց որոշելիքն է, թեև այդ գործընթացները չեն խանգարի միասնությանը։

Բաթումիի հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում՝ «Ազգային շարժման» ներկայացուցիչներ։