ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթի ժամանակ օդաչուներից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը, իսկ երկրորդ օդաչուն ուղևորների օգնությամբ կանխել է դա
Դուբայ-Թել Ավիվ չվերթի ժամանակ օդաչուներից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը, իսկ երկրորդ օդաչուն ուղևորների օգնությամբ կանխել է դա։ «Flydubai»-ի ինքնաթիռում միջադեպի պահին գտնվել է 180 ուղևոր, այդ թվում՝ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացի։ Սաուդյան Արաբիայի երկնքով թռչելիս Boeing 737 MAX-ը կարճ ժամանակով հաղորդել է 7500 կոդը, ինչը նշանակում է ինքնաթիռի առևանգում կամ դրա աշխատանքին ապօրինի միջամտություն։
Հանրայնորեն հասանելի աղբյուրների տվյալներով՝ թռիչքի մեկնարկից երկու ժամ 15 րոպե անց «Բոինգը» անսպասելիորեն կտրուկ գահավիժել է. մեկ րոպեից պակաս ժամանակահատվածում բարձրությունը 34 000-ից նվազել է մինչև մոտ 17 000 ֆուտ, իսկ արագությունն աճել է 411 հանգույցից մինչև գրեթե 600։ Մի քանի վայրկյանի ընթացքում ինքնաթիռը փոքր-ինչ վերականգնել է բարձրությունը՝ հասնելով 21 650 ֆուտի, որից հետո կրկին կտրուկ իջել է, այս անգամ՝ 14 000 ֆուտից ցածր։ Հաջորդ մեկ ժամվա ընթացքում ինքնաթիռը չի կարողացել պահպանել կայուն բարձրություն, սակայն մնացել է մոտ 15 000 ֆուտի մակարդակում, ինչը վկայում էր այն մասին, որ այն ղեկավարում էին ձեռքով՝ ավտոպիլոտի փոխարեն։
Միջադեպի ընթացքում Իսրայելի իշխանություններին չի հաջողվել կապ հաստատել ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռի հնարավոր առևանգման մտավախության ֆոնին, այն չեզոքացնելու համար օդ են բարձրացել Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները։ Այնուամենայնիվ, շուտով ինքնաթիռի հետ կապը վերականգնվել է, և չվերթը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկի օդանավակայանում։
Իսրայելի պաշտոնատար անձանց հայտարարությամբ՝ արտակարգ ազդանշանն ուղարկվել է այն բանից հետո, երբ, ըստ ամենայնի, խցիկում օդաչուների միջև վեճ է տեղի ունեցել։
Իսրայելցի ուղևորները պատմել են ինքնաթիռի անկման ընթացքում տիրող քաոսի և խուճապի տեսարանների, խցիկում արյան առկայության և օդաչուներից մեկի՝ դանակահարված լինելու մասին։
«Ինքնաթիռում ճիչերի ձայներ լսեցինք։ Հետո բացեցին օդաչուների խցիկի դուռը, և արյուն տեսանք. ինչ-որ մեկը ծալովի դանակով վիրավորել էր օդաչուին»,- հայտնել է ուղևորներից մեկը։