Զապորոժիեի մարզում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Ուկրաինայի Զապորոժիեի մարզի վրա ռուսական բանակի հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 15-ը, հայտնել է Զապորոժիեի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Ֆեդորովի խոսքով՝ օրվա ընթացքում ռուս զինվորականները Զապորոժիեի մարզի 21 բնակավայրերի վրա իրականացրել են 698 հարձակում։ Ընդհանուր առմամբ, Զապորոժիեի մարզը ենթարկվել է տարբեր մոդիֆիկացիաների 484 անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Բացի այդ, բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացվել հրթիռային կայանքներից, ինչը վնասներ է պատճառել տարածաշրջանում։
«Ստացվել է բնակելի շենքերի, սոցիալական և արդյունաբերական ենթակառուցվածքների վնասման 105 հաղորդագրություն», – նշել է Իվան Ֆեդորովը։