Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմեց Միխեիլ Ղավելաշվիլիին. «Ձերդ Գերազանցություն, ցանկանում եմ իմ և իմ պատվիրակության անունից Ձեզ փոխանցել իմ անկեղծ ողջույններն ու լավագույն մաղթանքները»

12:13, 03.11.2026

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի օդային տարածքը հատելիս ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին,- այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի նախագահի աշխատակազմը։

«Ձերդ Գերազանցություն, Հարավային Կորեա մեկնելու ճանապարհին Վրաստանի օդային տարածքը հատելիս ցանկանում եմ անձամբ և իմ պատվիրակության անունից փոխանցել իմ ամենաանկեղծ ողջույններն ու բարեմաղթանքները Ձերդ Գերազանցությանը և Ձեր երկրին։ Օգտվում եմ այս հնարավորությունից՝ ևս մեկ անգամ հաստատելու իմ անսասան համոզմունքը, որ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակվեն, կամրապնդվեն և կզարգանան ապագայում։ Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ վրաց ժողովրդին՝ երկարատև խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում», – ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում։

Վրաստանի նախագահի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Միխեիլ Ղավելաշվիլին շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը բարեմաղթանքների համար։

Միխեիլ Ղավելաշվիլիի խոսքով՝ Վրաստանը և Թուրքիան, որպես հարևան երկրներ, կապված են երկարատև հարաբերություններով և տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և համագործակցությունն ամրապնդելու ընդհանուր պատասխանատվությամբ։

Վրաստանի նախագահը հույս հայտնեց, որ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը կշարունակվի նաև ապագայում և կամրապնդվի փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա։

Նմանատիպ