Եվրոպայում գազի գները հասել են ամենաբարձր մակարդակին՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր
Հունվարի 2-ին՝ 2025 թվականի առաջին առևտրային օրը, Եվրոպայում գազի գները հասել են ամենաբարձր մակարդակին՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։ Տեղեկությունը տարածում է «Bloomberg» գործակալությունը։
Գործակալությունը գազի գնի թանկացումը բացատրում է երեք գործոնների համադրությամբ: Առաջին պատճառը Եվրոպա ռուսական գազի տարանցման դադարեցումն էր: Երկրորդ պատճառն այն է, որ Նորվեգիայի Համերֆեստ քաղաքի հեղուկ բնական գազի գործարանը դադարեցրել է աշխատանքը մինչև հունվարի 9-ը կոմպրեսորի խափանման պատճառով: Երրորդ գործոնը Հյուսիսային Եվրոպայի ցուրտ եղանակն է, որը մեծացրել է գազի սպառումը տարածաշրջանում։
«Նորվեգական LNG մատակարարումների այս շաբաթվա կրճատումը կարող է հանգեցնել պահեստներից ավելի արագ արտահոսքի: Ամբողջ մայրցամաքում պաշարները նվազում են ամենաարագ տեմպերով 2021 թվականից ի վեր»,- գրում է «Bloomberg»-ը։