Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում վերանայելու է հինգ հիմնական սկզբունքները. Ֆեդերիկա Մոգերինի
Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում վերանայելու է հինգ հիմնական սկզբունքները: Այս մասին, Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք զրուցելու ենք Ռուսաստանի մասին, կոնկրետ վերանայելու ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմնական հինգ սկզբունքները, այս թեմայի շուրջ ավելի մանրամասն լրատվություն կստանաք մինչև օրվա ավարտը»,-նշել է Ֆեդերիկա Մոգերինին:
Նշված հինգ սկզբունքը Եվրամիությունը համաձայնեցրել է 2016 թվականի մարտին՝ Մինսկի համաձայնության լրիվ իրականացում, ԱՎելի սերտ համագործակցություն Ռուսաստանի ետխորհրդային հարևանների հետ, Ռուսաստանի վտանգների դեմ Եվրամիության դիմադրելու ուժեղացում, Ռուսաստանի հետ ընտրովի հարաբերություն որոշակի հարցերի շուրջ, ինչպիսին են, օրինակ ահաբեկչության դեմ պայքարը, մարդկանց միջև կոնտակտների աջակցությունը:
Եվրամիության գերագույն ներկայացուցչի խոսքերով, կարևոր է, որ վերսկսվեն, ՄԱԿ-ի ղեկավարությամբ քաղաքական բանակցությունները, Սիրիայի ճգնաժամի կարգավորման կապակցությամբ:
Ինչպես նշել է Մոգերինին, գալիք շաբաթ Բրյուսելում Սիրիայի հարցով տեղի է ունենալու հատուկ կոնֆերանս, որին մասնակցելու է 70 երկրի պատվիրակություն:
«Այսօր, քննարկման հիմնական թեման լինելու է Սիրիայի հարցը: Եվրամիության խորհուրդը ընդունելու է ամփոփիչ հայտարարություն: Մենք հաստատելու ենք համատեղ դիրքորոշումը, որը նախորդ օրերին հրապարակել եմ կազմակերպության անդամ 28 երկրի անունից, առանձնապես քիմիական զենքի օգտագործման և դրա հետ կապված մեր արձագանքի հետ: Մենք աշխատելու ենք Բրյուսելում ծրագրված կոնֆերանսի նախապատրաստման համար: Դա լինելու է հնարավորություն, որ վերսկսվեն, ՄԱԿ-ի ղեկավարությամբ քաղաքական գործընթացները: Հնարավորություն եմ ունեցել այս հարցը քննարկել ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ, Դե Միստուրայի և արաբական երկրների ներկայացուցիչների հետ, Սաուդյան Արաբիայում, որտեղ ինձ հրավիրել են մասնակցելու արաբական լիգայի գագաթնաժողովի բացմանը»,-հայտարարել է Մոգերինին:
Եվրամիության գերագույն ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ հանդիպմանը նախարարները քննարկելու են Իրանի հարցը: Մոգերինին մեկ անգամ ևս հաստատել է Եվրամիության կողմից Իրանի հետ միջուկային հարցով ձեռք բերված պայմանավորվածության նկատմամբ աջակցությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan