Եվրամիությունը Ռուսաստան ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման պատճառով պատժամիջոցներ է սահմանել տասը ֆիզիկական և 17 իրավաբանական անձանց նկատմամբ
This photograph shows the European flags flapping in the breeze in front of the Louise Weiss building headquarters of the European Parliament, in Strasbourg, eastern France on September 17, 2026. (Photo by Jean-Christophe VERHAEGEN / AFP)
Եվրոպական միության խորհուրդը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ ուղղված գործողությունների պատճառով, լրացուցիչ տասը ֆիզիկական անձի և 17 կազմակերպության նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։
Եվրոպական միության խորհրդի տեղեկատվությամբ՝ պատժամիջոցները վերաբերել են այն անձանց և կազմակերպություններին, որոնք պատասխանատու են Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինայի ժամանակավորապես բռնազավթված տարածքներ ուկրաինացի երեխաների համակարգված ապօրինի տեղահանման և հարկադիր տեղափոխման համար։
Պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում են Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության կոմիտեն, Ռուսաստանում գտնվող մանկական ճամբարները և մարզական կենտրոնները, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում գտնվող Սոնդովոնի միջազգային մանկական ճամբարը։
Եվրոպական միության խորհրդի հայտարարության համաձայն՝ Սոնդովոնի միջազգային մանկական ճամբար ուկրաինացի երեխաներին տեղափոխում են ռուսամետ նարատիվներ տարածելու նպատակով։ Պատժամիջոցների ենթարկված անձանց թվում է նաև Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը։ Եվրոմիության հայտարարությամբ՝ նա նպաստել է Թաթարստանի տարածքում գտնվող ճամբարներ ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանմանը։ Պատժամիջոցների ցուցակում հայտնվել են նաև Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքների կրթության և գիտության նախարարներն ու նրանց տեղակալները, ինչպես նաև մանկական ճամբարների և դպրոցների ղեկավարները։ Պատժամիջոցների շրջանակներում նշված անձանց և կազմակերպությունների՝ Եվրամիությունում առկա ակտիվները կսառեցվեն։ Ֆիզիկական անձանց համար նաև սահմանվել է Եվրոմիության տարածք մուտքի և տարանցիկ տեղաշարժի արգելք։